Նարկոլոգիական կենտրոնում անօրինական հաշվառված անձի իրավունքները վերականգվել են

Կոնսիգլերի փաստաբանական գրասենյակի փաստաբանների օգնությամբ Ա. Ն. հնարավորություն ստացավ վերականգնելու իր խախտված իրավունքները:

Սույն գործով ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կազմվել էին բժշկական փաստաթղթեր, որոնց համաձայն՝ գրասենյակի վստահորդը հաշվառվել էր որպես թմրամոլ: Դրա հիման վրա Ճանապարհային ոստիկանության ծառայությունը ուժը կորցրած է ճանաչել վերջինիս վարորդական վկայականը։

Փաստաբան Կարեն Սարդարյանը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն ՓԲԸ-ի՝ վստահորդի խախտված իրավունքները վերականգնելու նպատակով:

Դատարանում փաստաբաններին հաջողվել է ապացուցել, որ Ա.Ն.-ն սխալմամբ է հաշվառվել Նարկոլոգիական կենտրոնում, քանի որ վերջինիս չի զննվել բժիշկ-նարկոլոգի կողմից, նրան չի դրվել «թմրամոլություն» ախտորոշումը, ուստի հաստատվեց, որ բացակայում են Ա.Ն.-ին թմրամոլ հաշվառելու համար անհրաժեշտ նախապայմանները: Մինչդեռ, այս անօրինական հաշվառումը հիմք է հանդիսացել նաև մեր վստահորդի վարորդական վկայականը ուժը կորցրած ճանաչելու համար:

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը /դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ/ վճռել է բավարարել ներկայացված հայցը՝ վերացնելով նարկոլոգիական կենտրոնի կողմից կայացրած հաշվառումը և Ա.Ն.-ի վարորդական իրավունքի վկայականն ուժը կորցրած համարելու վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության համապատասխան նշումը: