ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի, բավարարել է փաստաբան Կարեն Սարդարյանի կողմից ներկայացված հայցն ընդդեմ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի:
Սույն գործով մեր վստահորդ Է.Ա-ի և Բանկի միջև կնքվել էր վարկային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիր՝ 20000 ԱՄՆ դոլար առավելագույն սահմանաչափով։ Մեր վստահորդի քարտային տվալների օգտագործմամբ ԱՄՆ Գլենդել քաղաքի առևտրային կենտրոններից մեկում կատարվել էր քարտային հաշվից մոտ 18.600 ԱՄՆ դոլարի չափով հափշտակություն, որոնց ժամանակ, սակայն, Է.Ա-ն գտնվել է ՀՀ-ում, վճարային քարտն էլ գտնվել է վերջինիս մոտ։

Իր հեռախոսահամարին ստացված հաղորդագրության միջոցով տեղեկանալով այդ գործարքների մասին, Է.Ա-ն անմիջապես դիմել է Բանկ՝ խնդրելով վերականգնել իր քարտային հաշվից ապօրինի ելքագրված գումարները։
Այնինչ, Բանկը նման պահանջն անհիմն մերժել է, փոխարենը փորձելով վնասները վերականգնել իր հաճախորդի Է.Ա-ի միջոցով՝ պահանջելով վերջինից հատուցել հանցագործությամբ Բանկին հասցված վնասը այն դեպքում, երբ Է.Ա-ն որևէ առնչություն հանցագործության կատարման հետ չի ունեցել։
Բանկի նման անհիմն և ապօրինի գործողությունների հետևանքով խախտվում էին Է.Ա-ի իրավունքները և նրա վրա դրվում էին ակնհայտ ոչ իրավաչափ պարտավորություններ։
Սակայն, դատարանը, բավարարելով մեր կողմից ներկայացված հայցն, այն է՝ վերականգնելով Է.Ա-ի վարկային գիծը, վերականգնեց արդարությունը՝ վերացնելով Է.Ա-ի իրավունքների խախտումը։